ՕՐԵՆՔԻ ՀԵՏ ՀԱՄԱՀՈՒՆՉ

 

           Ապրիլի 7-ին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում Զանգվածային ոչնչացման զենքի չտարածման խնդիրների հայկական հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում` «Արտահանման հսկողության համակարգը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ պետական գերատեսչությունների (ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե) ներկայացուցիչներ, գործարարներ, փորձագետներ, թեմայով շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպումը տեղեկատվական էր և նպատակ ուներ արտահանմամբ և ներմուծմամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներին ծանոթացնել արտահանման և ներմուծման ոլորտում օրենսդրական փոփոխություններին, որպեսզի գործունեության ընթացքում խուսափել հնարավոր ռիսկերից:
           Միջոցառմանը ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Վ. Խաչատրյանը հանդես եկավ «Ռազմական նշանակության արտադրանքի արտահանման և ներմուծման գործընթացի իրավական կարգավորումը ՀՀ-ում. արդի մարտահրավերներ և կարգավորման զարգացման հեռանկարներ» թեմայովզեկուցմամբ: Նա ներկաներին տեղեկացրեց, որ լիցենզավորման ենթակա գործունեության ցանկում ներառվում են նաև ռազմական նշանակության արտադրանքի արտահանումն ու ներմուծումը, այդ արտադրանքի տարանցիկ փոխադրումը և դրանց առևտրի նկատմամբ միջնորդական գործունեությունը: Ռազմական նշանակության արտադրանքի ցանկը հաստատում է ՀՀ կառավարությունը: «Հայաստանը միջազգային հանրության լիիրավ անդամ է, և ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավական փաստաթղթերով ունենք ստանձնած պարտավորություններ, որոնք երբեմն նաև արգելումեն որոշակի երկրներ որոշակի զենք-զինամթերք վաճառել», - նշեց Վ. Խաչատրյանը: Նա նաև ավելացրեց, որ արտահանման հսկողության երիտասարդ համակարգն աշխատում է և արդեն իսկ տալիս իր առաջին պտուղները: Լիցենզիան տրամադրվում է փաստաթղթերը մուտք անելուպահից 30 օրվա ընթացքում: Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման լիցենզիայի համար նախատեսված գումարը 500 հազար դրամ է, որը վճարվում է մեկ անգամ և տրվում է երեք տարվա համար: Տարանցիկփոխադրման և ռազմական նշանակության ապրանքների առևտրի նկատմաUբ միջնորդական գործունեության համար սահմանված գումարը 300 հազար դրամ է:
           Փորձագետ Ա. Զաքարյանը ներկայացրեց ռազմական նշանակության արտադրանքի իդենտիֆիկացիայի հիմնախնդիրները ռազմական նշանակության ապրանքների արտահանման-ներմուծման նկատմամբ հսկողության գործընթացում: Մասնակիցներին հատկապես հետաքրքրում էր, թե որն է ռազմական և երկակի նշանակության ապրանքների տարորոշման սահմանը: Սա մի հարց է, որն արտահանողներին հաճախ թյուրիմացության մեջ է գցում: Միջոցառմանը ներկա մասնագետները տվեցին հարցի պարզաբանումը: Զանգվածային ոչնչացման զենքի չտարածման խնդիրների հայկական հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն Կ. Գասպարյանը ներկայացրեց արտահանողներիև ներմուծողների իրավունքների պաշտպանության եղանակները: Նա նշեց արտահանող-մաքսային մարմնի աշխատակից հարաբերություններում վեճերի լուծման տարբերակները:
           ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ Տ. Պետրոսյանը խոսեց երկակի նշանակության արժեքների արտահանման մասին նոր օրենքով ամրագրված մոտեցումների շուրջ: Ներկայացվեցին երկակի նշանակության արժեքների շրջանառության հսկողության ոլորտում պետական քաղաքականության հիմնական սկզբունքները և ազատ տնտեսական գործունեության երաշխիքները։ Տ. Պետրոսյանն ընդգծեց, որ երկակի նշանակության ապրանքների արտահանումը վերահսկող օրենսդրությունը 2003-ից ի վեր որևէ փոփոխության չի ենթարկվել, և այդ փոփոխություններն անհրաժեշտություն էին դարձել: Գործող օրենսդրությաmբ վերահսկող մարմին էր հանդիսանում համապատասխան հանձնաժողովը: Նոր օրենքի նախագծով վերահսկողական իրավասությունները վերապահված են լիազոր մարմնին, որը կնշանակվի ՀՀ կառավարության կողմից: Նոր փաստաթղթով նախատեսվում են նոր թույլտվությունների տեսակներ` նախկինում գործող մեկ թույլտվության փոխարեն: Մյուս կարևոր փոփոխությունը թույլտվությունների տրամադրման ժամկետների կրճատումն է. 45 օրվա փոխարեն թույլտվությունները տրամադրվելու են 20 աշխատանքային օրվա ընթացքում: Բացի այդ, նոր օրենքով սահմանվումեն նոր պահանջներ, որոնք ինչ-որ տեղ կարող են դիտվել իբրև գործող պահանջների խստացում: Զանգվածային ոչնչացման զենքի չտարածման խնդիրների հայկական հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն Կ. Գասպարյանը նշեց, որ նոր օրենքի ընդունման դեպքում գուցե հարկ լինի երկակի նշանակության ապրանքների ցանկերը փոխել:
          Հանդիպման ավարտին խոսվեց նաև արտահանման հսկողության ոլորտում պատասխանատվության խնդրի մասին: Ընդհանուր առմամբ հանդիպումն անցավ շահագրգիռ քննարկումների մթնոլորտում։Ներկաներն իրենց հուզող հարցերը ճշտեցին պետական կառույցների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև հանդես եկան նոր առաջարկներով: Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջարկները գրավոր տեսքով ներկայացնել համապատասխան գերատեսչություններ, որտեղ դրանք կուսումնասիրվեն և հնարավորության դեպքում ընթացք կստանան:

 
Copyright © NPC 2008-2010. Website Designed & Developed by www.persikof.com and Supported by FullOpSys ltd.
Arm
Rus
Eng