ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Զանգվածային ոչնչացման զենքի չտարածման խնդիրների հայկական հետազոտական կենտրոնը հայաստանցի ձեռնարկատերերի և արտահանողների համար պարբերաբար կազմակերպում է սեմինարներ, որոնց նպատակը գործարարների իրազեկության մակարդակը բարձրացնելն է: Հերթական նախաձեռնությունը սեպտեմբերի 2324ը Երևանում տեղի ունեցած արտահանման վերահսկման միջազգային սեմինարն էր, որը կազմակերպվել էր Արգոնի Ազգային Լաբորատորիայի հետ համատեղ և որին ներկա էին փորձագետներ. Արգոնի ազգային լաբորատորիայից, ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտից, Լոս Ալամոսի լաբորատորիայից և Սանդիայի Ազգային լաբորատորիայից: Արտասահմանցի մասնագետները ներկայացրին արտահանման վերահսկողության ոլորտում միջազային փորձը, պատասխանեցին հարցերի: Արտասահմանցի հյուրերը մասնավորապես խոսեցին հետևյալ թեմաներով. «Միջնորդների (բրոկերի) և բեռնափոխադրողներիի հեռանկարները» (Ե. Մանզանանես), «Արդյունավետ ներկազմակերպչական վերահսկման ծրագրի հիմնական տարրերը» (Ա. Ֆուլլենվայդեր), «Օրինապահություն. փոքր բիզնեսի հեռանկարները» (Գ. Գոուլիկ), «Օրենսդրական ակտերի ռեսուրսների ուղեցույց» (Ա. Ֆուլլենվայդեր):
Սեմինարին հրավիրված էին և զեկուցումներով հանդես եկան ՀՀ պաշտպանության և էկոնոմիկայի նախարարությունների, պետական եկամուտների կոմիտեի, ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ:
Սեմինարի ընթացքում հայ գործարարներն ու արտահանողները ծանոթացան օրենսդրական փոփոխություններին, արտահանման վերահսկողության ոլորտում միջազգային փորձին:
Սեմինարի սկզբում Զանգվածային ոչնչացման զենքի չտարածման խնդիրների հայկական հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն Կարեն Գասպարյանը ներկայացրեց արտահանման վերահսկման ոլորտում Հայաստանի անցած ուղին: Հետաքրքիր է, որ ՀՀ անկախացումից հետո երկրորդ փաստաթուղթը, որ ստորագրել է երիտասարդ հանրապետությունը, եղել է միջուկային զենքի չտարածման պայմանագիրը, ասել է թե. 1991ից Հայաստանի Հանրապետությունը ներգրավված է այս ոլորտում միջազգային գործընթացներին: Սակայն մեր երկրում զանգվածային ոչնչացման զենքի չտարածման բնագավառում կանոնավոր գործընթացի սկիզբը կարելի է համարել 1996 թվականը, երբ ձևավորվեց առաջին հանձնաժողովը՝ չունենալով համապատասխան օրենսդրական դաշտ: Հետագա 14 տարիների ընթացքում ոլորտի օրենսդրությունը կատարելագործվել է, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում կատարվեցին նաև կարևոր փոփոխություններ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության ռազմարդյունաբերության բաժնի պետ Տիգրան Պետրոսյանը ներկայացրեց վերջին շրջանում երկակի նշանակության ապրանքների արտահանման ոլորտում տեղի ունեցած օրենսդրական փոփոխություններն ու դրանցից բխող և օրենքի կիրարկումն ապահովող իրավական ակտերը: Հին օրենքը երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման ոլորտում կարգավորման լիազորությունները վերապահում էր երկակի նշանակության ապրանքների արտահանման վերահսկողության հանձնաժողովին: Խորհրդարանի կողմից ընդունված նոր փաստաթղթով հիշյալ լիազորությունները վերապահված են լիազոր մարմնին, որը, համաձայն ՀՀ կառավարության որոշման, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է: Նոր օրենքի տրամաբանությունն առաջ է բերում լիազոր մարմնի սահմանման անհրաժեշտությունն այն առումով, որ նորաստեղծ այս օղակը կարող է ավելի օպերատիվ արձագանքել տնտեսվարող սուբյեկտների որոշ դիմումների: Ոլորտի կարգավորման իրավասությունը պետական կառավարման կոնկրետ մարմնի վրա դնելով. հստակեցվում է իրավախախտումների համար պատասխանատվություն կիրառելու մեխանիզմը: Լիազոր մարմնում ոլորտի համար պատասխանատու են կոնկրետ պաշտոնատար անձինք, ինչն իրավախախտում կատարելու դեպքում հնարավորություն կտա իրացնել պետական հարկադրանքի միջոցներ նրանց նկատմամբ:
Նոր օրենքով կրճատվել են թույլտվությունների տրամադրման ժամկետները: Նախկին 45 օրվա փոխարեն սահմանվում է 20 աշխատանքային օր: Ընդ որում, որոշ տնտեսվարողներ առաջարկում են կրճատել նաև այդ ժամկետը: Այդ առումով Տ. Պետրոսյանը նկատեց, որ լիազոր մարմինը թույլտվության տրամադրման հարցերը համաձայնեցնում է շահագրգիռ մյուս պետական կառավարման մարմինների, մասնավորապես պաշտպանության, արտաքին գործերի նախարարությունների, ազգային անվտանգության ծառայության և պետեկամուտների կոմիտեի հետ: Անհամաձայնություններ առաջանալու դեպքում հարցը ներկայացվում է ՀՀ վարչապետին: Բնականաբար, այդ գործընթացը պահանջում է որոշակի ժամանակ: Այդ հանգամանքները նկատի ունենալով. էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը նշեց, որ թույլտվությունների տրամադրման ժամկետը կրճատել հնարավոր չէ:
Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ Արտյոմ ՏերՀանրությունյանն իր ելույթում ընդհանուր անդրադարձ կատարեց երկրի անվտանգությունն ապահովող ինստիտուտներին: Նա նշեց, որ այսօր տարանջատվում են անվտանգության ավելի քան 70 տեսակներ և ուղղություններ (ռազմական, տնտեսական, պարենային, ռադիացիոն, էներգետիկ և այլն): Ըստ ԱԱԾի ներկայացուցչի. ազգային անվտանգության համակարգի կայացման համար շատ մեծ նշանակություն ուներ 2007ի փետրվարին ընդունված ազգային անվտանգության ռազմավարությունը: 2008ին նախագահի հրամանագրով հաստատվեց Անվտանգության խորհրդի կանոնադրությունը: Անվտանգության ապահովմամբ այսօր զբաղված են մի շարք սուբյեկտներ, որոնք պայմանականորեն տարանջատվեցին երկու խմբի. պետական և ոչ պետական կառույցներ: Որպես ոչ պետական կառույցի օրինակ բերվեց Զանգվածային ոչնչացման զենքի չտարածման խնդիրների հայկական հետազոտական կենտրոնը, որն արտահանման անվտանգության ապահովման ոլորտում սերտորեն համագործակցում է պետական օղակների հետ:
Սեմինարի ընթացքում հատուկ ընդգծվեց մաքսավորների կրթվածության անհրաժեշտությունը վերահսկողության ոլորտում: Բանն այն է, որ մաքսային աշխատողներն արագ փոփոխվում են, ինչն ունենում է վատ հետևանքներ ապրանքների տարբերակման առումով: Ապրանքների կողմնորոշիչ հանգամանք են դառնում միայն ծածկագրերը և ոչ թե ապրանքի բնութագիրը: Ուստի մաքսավորներն իրենց ապահովության համար փոքրինչ կասկածի դեպքում արտահանողին ուղարկում են լիազոր մարմնի թույլտվությունը ստանալու: Եվ պարզվում է, որ ուղարկված ապրանքների միայն 15 տոկոսն է լինում երկակի նշանակության: Ասել է թե. 85 տոկոսի դեպքում գործարարներն ավելորդ քաշքշուկի մեջ են ընկնում: Ներկաներն ընդգծում էին, որ մաքսավորների սխալները պակասացնելու անհրաժեշտություն կա: Նշենք, որ ամերիկացի փորձագետների տվյալներով. Միացյալ Նահանգներում համանման ստուգումների արդյունքում ավելի քիչ երկակի նշանակության ապրանքներ են բացահայտվում:
Պետեկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության մաքսային տեսուչ Արմենակ Մելքոնյանն էլ իր հերթին հակադարձեց, որ լիազոր մարմնի կողմից թույլտվություն ունեցող գործարարը մաքսայինում որևէ խնդիր չի ունենա: Մաքսային մարմնի ներկայացուցիչը նշեց նաև, որ մաքսակետերում կառուցվում են հատուկ լաբորատորիաներ, որոնք կնպաստեն երկակի նշանակության ապրանքների արտահանման և ներմուծման գործընթացի պարզեցմանն ու ժամանակի խնայմանը:
Սեմինարի ընթացքում հնչեցին բազմաթիվ առաջարկներ և արտահանման վերահսկողության համակարգը պարզեցնելու տարբերակներ: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության իրավաբան Արկադի Սահակյանն առաջարկեց հնչեցված առաջարկները համակարգել և ներկայացնել համապատասխան մարմիններին: