Արտահանման վերահսկման միջազգային տեխնիկական փորձի փոխանակում

 

           Սեպտեմբերի 15-16-ը Զանգվածային ոչնչացման զենքի չտարածման խնդիրների հայկական հետազոտական կենտրոնի և ԱՄՆ Արգոնի Ազգային լաբորատորիայի նախաձեռնությամբ Երևանում տեղի ունեցավ ՙԱրտահանման վերահսկման միջազգային տեխնիկական փորձի փոխանակում՚ խորագրով սեմինար: Սեմինարի ընթացքում քննարկվեցին Հայաստանում արտահանման վերահսկողության ոլորտը կանոնակարգող օրենսդրական դաշտի վերջին փոփոխությունները, միջազգային փորձը և արտահանումն ու ներմուծումն ավելի կանոնակարգված, արդյունավետ, ինչպես նաև անվտանգ դարձնելու հնարավորությունները:

 

Սեմինարին հրավիրված էին փորձագետներ ԱՄՆ Պետդեպարտամենտից, ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտից, Տնտեսության և արտահանման վերահսկման Գերմանիայի Դաշնության գրասենյակից: Հայկական կողմից ներկա էին պետական կառավարման ոլորտը ներկայացնող մասնագետներ, որոնք անմիջական առնչություն ունեն արտահանման վերահսկողության խնդիրներին (ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, Ազգային անվտանգության ծառայություն, Պետական եկամուտների կոմիտե): Միջոցառման ընթացքում ներկայացվեցին մի շարք զեկույցներ, այդ թվում՝ Եվրամիության արտահանման վերահսկողության համակարգը, Հայաստանի՝ սահմանների կառավարման ինտեգրված համակարգը, արտահանման վերահսկման իրավական կարգավորման փորձերը և այլն: Սեմինարի մասնակիցների տեղեկացմամբ քննարկվող թեմաները և ներկայացված միջազգային փորձը բավականին հետաքրքիր էին, օգտակար: Ըստ նրանց, փորձի փոխանակման արդյունքում ստացված գիտելիքները հետագայում կօգնեն արտահանման վերահսկման ոլորտում աշխատանքն ավելի արդյունավետ և անվտանգ դարձնելու հարցում:

 
Copyright © NPC 2008-2010. Website Designed & Developed by www.persikof.com and Supported by FullOpSys ltd.
Arm
Rus
Eng