ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 
 

Meeting in MariotԱպրիլի 7-ին "Մարիոթ Արմենիա" հյուրանոցում Զանգվածային ոչնչացման զենքի չտարածման խնդիրների հայկական հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում՝ "Արտահանման հսկողության համակարգը Հայաստանի Հանրապետությունում" խորագրով։ Քննարկմանը մասնակցում էին ՀՀ պետական գերատեսչությունների (ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ կառավարությանն առընթեր պտական եկամուտների կոմիտե) ներկայացուցիչներ, գործարարներ, փորձագետներ, թեմայով շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հանդիպումը տեղեկատվական էր և նպատակ ուներ արտահանմամբ և ներմուծմամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներին ծանոթացնել արտահանման և ներմուծման ոլորտում օրենսդրական փոփոխություններին, որպեսզի վերջիններս իրենց գործունեության ընթացքում կարողանան խուսափել հնարավոր ռիսկերից։
Միջոցառմանը ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Վ. Խաչատրյանը հանդես եկավ ՚Ռազմական նշանակության արտադրանքի արտահանման և ներմուծման գործընթացի իրավական կարգավորումը ՀՀ-ում. արդի մարտահրավերներ և կարգավորման զարգացման հեռանկարներՙ թեմայով զեկուցմամբ։
Փորձագետ Ա. Զաքարյանը ներկայացրեց ռազմական նշանակության արտադրանքի իդենտիֆիկացիայի հիմնախնդիրները ռազմական նշանակության ապրանքների արտահանման-ներմուծման նկատմամբ հսկողության գործընթացում։
Զանգվածային ոչնչացման զենքի չտարածման խնդիրների հայկական հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն Կ. Գասպարյանը խոսեց արտահանողների և ներմուծողների իրավունքների պաշտպանության եղանակների մասին։ Նա ներկայացրեց արտահանող-մաքսային մարմնի աշխատակից հարաբերություններում վեճերի լուծման տարբերակները։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ Տ. Պետրոսյանը խոսեց երկակի նշանակության արժեքների արտահանման մասին նոր օրենքով ամրագրված մոտեցումների մասին։ Ներկայացվեցին երկակի նշանակության արժեքների շրջանառության հսկողության ոլորտում պետական քաղաքականության հիմնական սկզբունքները և ազատ տնտեսական գործունեության երաշխիքները։
Հանդիպման ավարտին խոսվեց նաև արտահանման հսկողության ոլորտում պատասխանատվության խնդրի մասին։
Հանդիպումն անցավ շահագրգիռ քննարկումների մթնոլորտում։ Ներկաներն իրենց հուզող հարցերը ճշտեցին պետական կառույցների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև հանդես եկան նոր առաջարկներով։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջարկները գրավոր տեսքով ներկայացնել համապատասխան գերատեսչություններ, որտեղ դրանք կուսումնասիրվեն և հնարավորության դեպքում ընթացք կստանան։

 

Նկարներ
Copyright © NPC 2008-2010. Website Designed & Developed by www.persikof.com and Supported by FullOpSys ltd.
Arm
Rus
Eng